Սովորել է Կ․ Պոլսի Ղալաթիո նախակրթարանում, ապա՝ անգլիական Ռոբերտ քոլեջում։ Մնձուրու առաջին պատմվածքը («Հարս ու կեսուր») լույս է տեսել 1906 թ.։ Այնուհետև պարբերական մամուլում (հիմնականում՝ պոլսահայ) տպագրել է հարյուրից ավելի պատմվածքներ (առավելապես գյուղական կյանքից), ինչպես նաև շատ հեքիաթներ, ակնարկներ, ժամանակագրություններ, թատերգություններ։ Հրատարակել է «Կապույտ լույս» (1958), «Արմտան» (1966) և «Կռունկ, ուստի՞ կուգաս» (1974) ժողովածուները։ Մնձուրին, ում հերոսները տարբեր ազգերի աշխատավոր մարդիկ են, վերակենդանացրել է ծննդավայր Արմտան գյուղը՝ իր բնության հրաշալիքներով։ Ունի ինքնատիպ ոճ, առանձնանում է լեզվի ջերմությամբ, անմիջականությամբ ու գունեղությամբ։ Սերտ կապերի մեջ է եղել Սովետական Հայաստանի հետ։ 1976 թ. Երևանում նշվել է Մնձուրու ծննդյան 90-ամյակը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 654)։